Մինչեղեռնյան իրականությունը կամ արևմտահայոց կյանքի համիդյան «սուրի և սովի» ժամանակաշրջանը 20-րդ դարասկզբի պատմաքաղաքական զարգացումների ոճրագործության, ինչու չէ, նաև ոճրաբանության այլ մեթոդաբանություն էր առաջադրելու: Եվ եթե հավաստենք, որ Հակոբ Օշականը մնացորդաց սերնդի այն իրավ մտածողներից է, ուրեմն ինչպես վկայում է մեծանուն գրողը. «Իմ թելադրել ուզած Սփյուռքը սակայն կընդգրկե ավելին, քանի մը սերունդ, զոր հորինեին պարզ որքան որակյալ, հանգամանավոր մարդերը… որոնք բոլորը մեր աղետը ընդունելու իրենց մտքին պատշաճեցնելու ահավոր պարտքը կատարեին իրենք իրենց միայն»:
Պարտքի, պատգամի գիտակցումը, ստանձնումը սփյուռքյան հետագա շրջանի գրողների, ազգային, հանրային գործիչների կողմից ենթադրում է ոչ միայն աղետով վերապրել՝ անհիշողությամբ չապրել, այլ Սփյուռքում վերընձյուղվել՝ «արմատ նետել»՝ պահպանելով ազգային ինքնությունը: Ահավասիկ հետեղեռնյան շրջանի հայոց հրամայականը Սփյուռքի գոյացումից ի վեր: Հարկ չկա նշելու, որ Մեծ եղեռնի ժամանակագրությունը ամենևին չի սկսվում և ավարտվում 1915-ով, մի ողջ ժողովրդի զանգվածային տեղահանմամբ, բնաջնջմամբ, ի վերջո, հայրենազրկմամբ:
Ադանայի ջարդերը նկատի ունենալով որպես ծրագրված քաղաքականության սկիզբ, մեկ տարի անց՝ 1910 թ. Սալոնիկում տեղի ունեցած երիտթուրքերի համագումարի ժամանակ Բեհաէդին Շաքիրը հանդես է գալիս «Թուրքիան՝ թուրքերին» կարգախոսով: Հարկ կա՞ անդրադառնալու սուլթան Համիդի, Լոբանով-Ռոստովսկու հուշած, «Հայաստանն առանց հայերի» գաղափարը իրագործողների քաղաքական նկրտումների մանրամասներին:
Աղետի արմատները ավելի խորն են. հունգարացի թուրքագետի՝ Արևելյան Անատոլիայում բարենորոգումներ անելու հարցին ի պատասխան սուլթան Համիդը հայտարարել էր. «Ես գիտեմ ինչպես լուծել Հայկական հարցը, բայց ավելի շուտ կհամաձայնեմ մարմնիցս գլուխս պոկելու, քան Հայաստանը՝ Օսմանյան կայսրությունից»: Այսպիսով, մշտաբար հիշատակելով աղետը, որ դարձակետային եղավ մի ողջ ժողովրդի համար, ներառյալ հայ Սփյուռքի գոյացումը, անհրաժեշտ է անցյալ հինգ տարիները դիտարկել բուն աղետի ժամանակաշրջանի խորապատկերի վրա. Էական հանգամանք, որ մասնահատկում ենք՝ վերլուծաբան-գրականագետների համար, մասնավորապես: Այն խնդրահարույց է մի շարք առումներով. մինչեղեռնյան ժամանակաշրջանը նկատի չունենք, որ գեղարվեստական ստեղծագործություններով ներկայացված չէ. զանց չենք առնում Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի կիլիկյան դեպքերի բանաստեղծական անդրադարձները: Սուրեն Պարթևյանի «Կիլիկյան արհավիրք» արձակ պատումը, ինչպես նաև Արշակունի Թեոդիկի «Ամիս մը ի Կիլիկիա» ականատեսի նոթերը, Հակոբ Թերզյանի «Ադանայի կյանքը» և «Կիլիկիայի աղետը» հուշապատումները:
«Ժողովուրդի մը հոգեվարքը» այնպես և այնքան խորաքնին, ականատեսի վկայությամբ չի տեղազննված, որքան Զապել Եսայանի «Ավերակներուն մեջ» ուղեգրության մեջ, մանավանդ, որ ուղեգրողը հայության այս հատվածին վիճակված արհավիրքը դիտարկում էր մտահայեցողաբար, բայց գեղարվեստական պատումի շարադրանքը և հատկապես գրողական տպավորապաշտությունը որոշակիորեն էր չափակշռված, որքան էլ «տեսարանները, մարդիկը», դժոխային պատկերները (հիմնականում մարդկային հոգեվիճակներ բացորոշող) տեսանելի են ու տեղազննելի, բայց դրանք իրականության այնպիսի դրվագների պատկերումներ են, որոնք հուսալքում ապրած վկայաբան-գրողի մտքի արգասիք չեն, այլ ողբերգություն ապրած, «ավրված հոգիներու» նկատմամբ մարդկային վերաբերումի արգասիք:
Զապել Եսայանի «Ավերակներուն մեջ»-ը Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է մեր նախաձեռնությամբ և առաջաբանով (2006 թ., «Հայաստան» հրատ., մինչ այդ «Հայպետհրատ»ի կողմից 1959 թ.) հրատարակված «Երկեր»-ում և մյուս հրատարակություններում չի զետեղվել՝ գուցե ինչ-ինչ հանգամանքներով է պատճառաբանվել…
«Համիդին փորասողուկ թավալումը ինծի այնքան ուրախություն չպատճառեց որքան Կիլիկիայի ջարդը ճմլեց աղիքներս: Ցեղի հոգին արյուն կուլա մեջս, հրդեհված քաղաքներեն եկող ամեն լուր տաք մոխիրին պես կթափի գլուխիս ու սրտիս վրա: Երիտասարդ թուրքերը չեն դադրիլ Եվրոպային հասկցնելե, թե թուրքը ի բնե բարի ժողովուրդ է, թե տաք հայերու անխոհեմությունն է աղետին սկզբնապատճառը եղած՝ Եվրոպայի կարծիքին հակազդելու համար, կարծիք մը, որ արդեն ատոր ալ պոռնկացած է: Լուրերը այնքան գեշ ազդած են վրաս, որ կցավիմ Ադանա չգտնվելուս համար»: (Դանիել Վարուժան, «Նամականի», Երևան, 1965, էջ 168):
Հայկական հարցը հետևողականորեն լուծելու ճանապարհին, այնուամենայնիվ, Կիլիկիայի արհավիրքը սկիզբն էր որդեգրած հայատյաց այն քաղաքականության, որ տևական ժամանակ օսմանյան, հետագայում երիտթուրքական, ներքին քաղաքականության մեջ համարվում էր առաջնային, եթե ոչ ելակետային:
ՈՒշարժան է, որ Զապել Եսայանը նույնպես կանխատեսորեն զգում էր ոճիրի զարգացումները, երբ ամուսնուն՝ գեղանկարիչ Տիգրան Եսայանին, 1909 թվակիր նամակում գրում է. «Կիլիկիան կործանված է… այս է ամենուն տպավորությունը, դեռ Ադանա չեմ գացած, բայց հիմիկվնե հայտնի է, նախապատրաստված ծրագրով: Արդեն հայտնի է թուրքերը հոս այն երևույթը ունին, ինչ որ ունեին հին ռեժիմի գեշ օրերուն մեջ» (Զ. Եսայան, «Նամականի», Երևան, 1977, էջ 93):
Հիշյալ օրերի մտապատկերները գրողի համար տեսանելիորեն պարզորոշ էին, մինչև նրա Կ. Պոլսից ծպտյալ հեռանալը (1916 թ.): Ավելին, նրա ապրումները առավելս էին ահագնանալու հայրենադարձվելուց տարիներ անց, երբ 1936 թ., իբրև «ժողովրդի թշնամի» բանտային տաժանակրության ենթարկվելուց հետո արտաքսվում է: Եղերաբախտ գրողի, ազգային գործչի կենսագրության ամենամռայլ՝ վերջին էջը, ի վերջո, գոցվում է. «Կմեռնի Սիբիրիո մեջ, տեղ մը, 1946 թվականին»: Այս կենսագրական փաստը այնքան էլ հավաստի չէ։ Այլ աղբյուրներից մեզ հայտնի է Զ. Եսայանի մահվան, մեր կարծիքով այլ, թերևս հավաստի, վարկած։ 1935 թ. ՀԽՍՀ ՊԱԿ-ում կտտանքների ենթարկվելուց հետո Զ. Եսայանը Երևանի բանտից տեղափոխվում է Բաքու՝ Կրասնովոդսկ տանելու համար: Նավի վրա փորհարությամբ տառապող գրողին կտտանքների ենթարկելուց հետո նետում են Կասպից ծովը: «ֆրանսիական լրտես» համարվող գրողը արդարացվել է 1957 թվականին:
ՈՒղեգրության առաջաբանում արդեն իսկ զգալի է «նորածագ Ազատության ուրախությունովը» ապրող հայության գաղափարական հրճվանքը. «Մեր կրակի պես այրող վիշտը մարելու համար կառչեցանք սա գաղափարին, մենք ալ մեր զոհերը տվինք, մեր արյունը այս անգամ թափեցավ մեր թուրք հայրենակիցներու հետ: Անիկա վերջինը պիտի ըլլա»: Զուր հույսեր. չարդարացված զորակցություն՝ ինքնավարություն ստանալու խոստումների դիմաց…
«Ճշմարիտ պատկեր մը արյունոտած երկրին» բնորոշումով ակնհայտ է. Զապել Եսայանը հավատացած էր, որ Ադանայի ոճրագործությունը զուտ և միայն տեղական բնույթ է կրում՝ բանականությունից զուրկ գազանաբարո ամբոխի կողմից հրահրված, բայց ոչ շարունակելիություն ենթադրող և հավասարություն քարոզող երկրի համար չափազանց աննպաստ, եթե ոչ պետականավնաս այդ օրերի քաղաքական զարգացումների խորապատկերի վրա: «Ինչ որ տեսա և ինչ որ լսեցի՝ հանգամանքը ունեին ամբողջ պետության հիմունքը խախտելու: Տեսականորեն որ մեկը ասոր հակառակը կսե: Այս զգացումը մեծապես դրդեց զիս, որ իբր ազատ քաղաքացի, իբրև երկրին մեկ հարազատ զավակը, հավասար իրավունքներով օժտված, առանց վերապահության գրեմ այս էջերը, որոնք հայ կնոջ մը դյուրազգացության արդյունքը հարելե ավելի պետք է նկատել որևէ մարդկային արարածի մը ինքնաբուխ ու անկեղծ տպավորությունները»: Եվ այդ տպավորությունների մատյանը այնպիսի ճշմարտություններ է բացահայտում, որ զգայնորեն խորհելու տեղիք է տալիս, քանի որ Եսայան-ժամանակագիրը ամենևին չի չափազանցում: Ասել է, թե պատումնաշարի գրականացումը գրողի գիտակցության մեջ տեղը զիջել է հասարակական գիտակցականությանը (միջանկյալ նշենք, որ Զ. Եսայանը խնդրո առարկա դեպքերին անդրադարձել է «Անեծքը» վիպակում՝ շարունակաբար տպագրված Կ. Պոլսի «Ազատամարտ» թերթում 1911 թ., 22 հունիս-1 հուլիս), որտեղ զուտ վիպային նկարագրով գործող անձինք բացահայտում են իրենց ապրած ողբերգությունը, այն, ինչ խնդրական է դարձնում գրողի բուն նպատակը՝ ինքնեղ կերպավորումներով ստեղծել աղետը ծնող մի այնպիսի միջավայր և գրական տարածք. կերպարակերտելու իր ջանքերը, որ պարտադիր է յուրաքանչյուր գրողի համար՝ որոշակի հավաստիություն մտցնելու կերպարների վարքագծում, ստեղծելով միջավայրային փոխհարաբերություններ՝ գեղարվեստորեն ներկայացնելու համար կյանքի «ինչպես որ է»-ն: Բոլորովին այլ է Եսայան-վկայագրողի նպատակը. ոչ թե ստեղծել որոշակի միջավայր և միջավայրային փոխհարաբերություններ, այլ դրանք ներկայացնել որոշարկված՝ դիտարկելու այն մթնոլորտը, որտեղ պետք է իր տպավորությունները «երթևեկեին մեկեն մյուսը՝ առանց պահ մը կանգ առնելու» և բնականաբար, «ասիկա այնքան հոգնեցուցիչ կդառնար, որ գրեթե ֆիզիկական ցավ կպատճառեր»:
Այսպիսով, Զ. Եսայանի համար «Աղետին կուրծքին մեջ իսկ մխրճվելու գաղափարը» ավելի քան տագնապահարույց էր, աղետյալներին օգնելու մարդկային ձգտումը՝ զերծ տենդոտ հետաքրքրությունից՝ առանց վայրկյան իսկ հապաղելու նրան մղում էր փրկագործության. «Այս շաբթու Ադանայի մեջ կբանանք առժամյա որբանոցմն ալ. մինչև որ գործը այս վիճակին բերի՝ հոգիս բերանս ելավ…» (ամուսնուն գրած նամակից):
ՈՒղեգրության ութ պատումներում («Դեպի Կիլիկիա», «Ավերակներուն մեջ», «Պատարագը», «Որբերը», «Նպաստի օր մը», «Բանտարկյալները», «Կախաղանները», «Ճամբուն վրա») իրականությունը այդ օրերի զգացական կյանքի խորքային արտահայտություն լինելուց զատ, ավելի քան զսպված անզգացմունքայնության ճիչի հիշեցում է: Հակառակ դեպքում մղձավանջից հալածյալ գրողը ինչպես պետք է դիմագրավեր ողբերգության տեսարաններին, մանավանդ, որ գործող անձինք վիպական կերպարներ չեն. ամեն մեկը յուրովի է ներկայանում, երբեմն նույնիսկ ինքնահալած ու տարակենտրոն. «Ոչ այս պատմությունները, սակայն ոչ այս մոխիրներուն մեջ խլրտող տարտամ հայությունը, ոչ ցավոտ և շվարած աչքերով ու սարսափելի արբեցությունեն դեռ չսթափած որբերը, ոչ անմխիթարելի կորուստով դալարված մարմինները այրիներուն… չեն կարող պատկերացնել տալ մեզի իր իսկական ու մռայլ մեծությամբ ինչ որ պատահած է այդ դժոխային օրերուն մեջ»:
Զապել Եսայանն ի զորու չէր ընդմեջ կրակի ու արյան տեսարանների արձանագրելու միայն իր տագնապները, համատարած ոճիրի բնույթն ու տարողությունը նախ և առաջ դիտարկում էր ազգային հոգևոր ոլորտում իբրև մայր, իբրև կին: Գուցե այլ կերպ հնարավոր չէր և միայն իրեն էր վերապահված ժամանակագրելու դեպքերի ընթացքը, քանի որ ժամանակաշրջանը ներկայացնող ոչ մի հուշապատում, նույնիսկ պատմական որևէ վավերագիր ըստ ամենայնի պատճառահետևանքային զուգորդումներով այնպես չեն բնորոշում իրականության շարունակականությունը, ի վերջո, իբրև Մեծ եղեռնի նախափորձ գաղափարայնորեն ստույգ: Եսայանական «Զգացումներու մերձավորութենեն» պետք է միայն մեկնաբանվեր, թե ինչ նպատակների է հետամուտ ազգայնամոլության հրեշը: Բայց գրողը երևակայածին իրողություններով չէր տարված. այդ մենք՝ հետագա սերունդներս կարող ենք, եթե ի զորու լինենք, երևակայել. «Հոն տեսա մայրեր, որ իրենց զավակները խեղդած էին՝ անոնց մանկական ճիչերեն չմատնվելու համար իրենց թաքստոցին մեջ…»:
Ժամանակը և ժողովուրդը՝ իրականությունը ներկայացնող առանձնահատուկ գործոններ լինելու պարագային է Զ. Եսայան-դիտարկողի դիտարկելիության սկզբունքը էապես արժևորվում: Ինչու՞: «Մեռած քաղաքում» նույնիսկ հնադարյան քաղաքակրթությունը «զարհուրանքով կնայի կարծես նոր ավերակներուն վրա»: Գրեթե բոլոր տեսարաներում կա այն զգացողությունը, որ ներկայի դատապարտվածությամբ նվաստանում և մեռնում է նաև անցյալը. կյանքի չգոյությունը զգալի է ավերակված պալատների մոխրակույտերում:
Գիտակցորեն պարզորոշված են նաև զանգվածային տեսարաններում առկա հոգեբանական դրամատիզմի առկայծումները՝ արտացոլված, ծերերի, կանանց, որբևայրիների, որբերի, անդամալույծների նկարագրում, քանի որ ողջ մնացածները հարազատների կորուստը անգիտակցորեն են զգում: Նրանց համար ժամանակը կանգ չի առել, քանի դեռ աղետը շարունակվում է իրենց գոյությունը շրջանցելով:
Զապել Եսայանը նախաձեռնել է գրել «Ավերակներուն մեջ»-ը, բայց մնալով ավերակների ընդմեջ՝ գրողական անդունդի եզրին, էքզիստենցիալ մի այնպիսի իրավիճակում, երբ մահաստվերները և մահառիթմերը շուրջկալել են իրեն ժողովրդի ներկայի ու ապագայի մտահոգության խորհրդով: Եվ, բնականաբար, իրարահաջորդ նյարդահյուծ պատկերները ընթերցողին դարձնում են ականատեսը մահվան տեսարանների. ահավասիկ, ժամանակի իրականության ընդհանրական պատկերը: Իրականություն, որ անհերքելի է տարածությունից և ժամանակից դուրս, և որ առնվազն պետք է խորապես գիտակցել, այժմ և ընդմիշտ, երբ ժամանակ առ ժամանակ առկախվում են համաթուրանականության սև ամպերը:
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ